Սևծովյան տարածաշրջանը մրցակից հարևանության տարածաշրջան է և ինտեսիվ բանավեճի առարկա է դարձել: Այս ամենն անդրադառնում է տարածաշրջանում փոփոխվող գործընթացների, այստեղ առկա բարդ իրողությունների, տարածաշրջանից դուրս գտնվողների շահերի, ինչպես նաև մնացած աշխարհի հետ տարածաշրջանի հարաբերությունների վրա: Այս տարածաշրջանի ռազմավարական դիրքը, որը կապում է հյուսիսը հարավի և արևելքը արևմուտքի հետ, ինչպես նաև այստեղ առկա նավթի և գազի պաշարները, առևտրի և երթևեկության համար նախատեսված ճանապարհները այս տարածաշրջանի հարաճուն կարևորության ապացույցներն են:
Չնայած այս երկրամասի նկատմամբ առկա մեծ հետաքրքրությանը՝ տարածաշրջանի իրական կարիքներն ու պահանջները դեռեւս լայնորեն արհամարհվում են: Մի կողմից՝ դրա պատճառը կարող է լինել այն հանգամանքը, որ տարածաշրջանի դերակատարները չկարողացան ապագայի վերաբերյալ մի միասնական կարծիքի հանգել: Սև Ծովի՝ որպես «տարածաշրջանների միջև տարածաշրջանի» հրատապությունը, ինչպես նաև տեղական և արտաքին ուժերի հակամարտական տրամադրություններն աղավաղում են կարևոր տարածաշրջանային կենտրոնացումը և լղոզում հնարավոր արդյունքները: Այսպիսով, տարածաշրջանի, այստեղ առկա խնդիրների և առաջնահերթությունների վերագնահատումը հրատապ է դարձել: Դա հնարավորություն կտա բոլոր ներգրավված կողմերին ավելի լավ պատկերացնել, թե ինչ է պետք անել, ինչպես նաև նրանք հնարավորություն կստանան խնդիրների լուծման համար նորարարական մոտեցումներ զարգացնել՝ սրանով իսկ մեծացնելով տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունն ու բարեկեցությունը: Սև Ծովի՝ որպես խաղաղ և համագործակցող տարածաշրջան հանդես գալը մեծ հաջողություն և շահավետ կլինի բոլորի համար: Մտապահելով այս ամենը և ունենալով մի ընդհանուր մոտեցում՝ Հանձնաժողովը ձգտում է առաջ տանել մի բովանդակային ռազմավարություն, որտեղ հաշվի կառնվեն բոլոր դերակատարների առաջնահերթություններն ու կարիքները թվով չորս կարևոր ասպարեզներում՝ խաղաղություն և անվտանգություն, տնտեսական զարգացում և բարեկեցություն, ժողովրդական կառույցներ և լավ կառավարում, տարածաշրջանային համագործակցություն: Հանձնաժողովը եկել է մի եզրահանգման, ըստ որի՝ տարածաշրջանի ապագան կախված է հետագա ժողովրդավարացումից և ավելի լայն տնտեսական ինտեգրումից աշխարհում:
Այս հոդվածի պատրաստմանը նպաստել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական ոչ կայուն վիճակը, որը ցանկացած վայրկյան կարող է բերել բաց պատերազմի: Չլուծված հակամարտությունները խոչընդոտում են տնտեսական զարգացմանը, բացի այդ, նրանք ավելի լայն հակամարտության վերածվելու պոտենցիալ ունեն: Դրանք ազդում են տարածաշրջանային կայունության և անվտանգության վրա և քանի դեռ լուծված չեն, սպառնում են հանգեցնել հետագա ավելի մեծ միջազգային հետևանքների: Սակայն Հանձնաժողովը հավատում է, որ հնարավոր է պատկերացնել մի ընդհանուր, զարգացած, ինտեգրված և կայուն տարածաշրջան: Նման տարածաշրջան ունենալու համար պետք է ձեռնարկել հետևյալ քայլերը՝
- Տարածաշրջանային դերակատարները պետք է հրաժարվեն իրենց քաղաքական հարաբերություններում ուժ կիրառելուց և հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իրենց սահմանների անձեռնմխելիությունը, միջազգային պայմանագրերն ու իրենց գործարքներում օրենքների կանոնները:
- Հետաքրքրված արտաքին ուժերը պետք է աջակցեն լավ կառավարման ապահովմանը նպաստող բոլոր ջանքերին, փոխկապվածության ստեղծմանն ու Սև Ծովի քաղաքականության ու տնտեսության տարածաշրջայնացմանը: ´
- Միջազգային հանրությունը պետք է խրախուսի համատեղ ջանքերը և վստահության կառուցումը, ինչպես նաև այն քայլերը, որոնք նպատակ ունեն վիճաբանությունները լուծել խաղաղ ճանապարհով:
Սևծովյան քաղաքականությունն այն պարագայում է հաջողության հասնում, երբ մոտեցումը տարածաշրջանային է: Հարցականի տակ գտնվող պետությունները պետք է խրախուսվեն տարածաշրջանային խնդիրներին տարածաշրջանային լուծումներ տալու հարցում: Հետաքրքրված կողմերը պետք է գիտակցեն, որ խնդիրները համատեղ է պետք լուծել, և պետք է հնարավորություն տալ ոչ-պետական դերակատարներին, ինչպիսիք են՝ բիզնես հատվածը, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական հանրությունը, իրենց իրական դերը ունենալ լուծումների ուրվագծման հարցում: Այսպիսով, հանձնաժողովը խորհուրդ է տալիս հետևյալը՝
2020թ. կանխատեսում – Սևծովյան տարածաշրջան
Ստեղծել նոր ընդհանուր մի կոնցեպտ ու քաղաքականություն՝ Սևծովյան տարածաշրջան, ինչը կարվի տարածաշրջանի դերակատարների և երկրների կողմից՝ որպես եզրակետ ունենալով 2020թ.: Նպատակն է աջակցել տարածաշրջանային համագործակցությանը՝ ակնկալելով հարևանների միջև հարաբերությունների փոփոխություն: 2020թ. կանխատեսումը դեռ պետք է վերածվի մի ընդհանուր ռազմավարության, ինչը կընդգծի մի քանի իրար հետ կապված միջոցառումների շարք:
Լայնացնել Սև Ծովի տարածաշրջայնության ուրվագիծը
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը (BSEC) նորացման կարիք ունի: 2012թ. իր 20-ամյակին նվիրված համագումարը պետք է մի հնարավորություն դառնա իր անդամների պարտականությունները տարածաշրջանային համագործակցության հարցում վերանայելու և նոր BSEC ստեղծելու, որպեսզի այն դառնա ավելի գործուն կազմակերպություն և ավելի լայն ազդեցություն ունենա: Այս կազմակերպության վերածնունդը, դրա ավելի լայն դերը և տարածաշրջնային կարևորությունը կարող են խորհրդանշվել՝ այս կազմակերպությանը նոր անուն տալով: Տարածաշրջանում բոլորը մրցակցային հիմունքներով կարող են առաջարկել կազմակերպության համար նոր անուն և լոգո՝ հաշվի առնելով տարածաշրջանի լավ իմացությունը:
Գործ ունենալ հակամարտությունների հետ
Ստեղծել բարձր մակարդակի խորհրդատվական խումբ երկարատև հակամարտությունները և այլ խնդիրները տարածաշրջանում լուծելու համար: Պետք է սկիզբ դրվի անվտանգությանն ուղղված երկխոսության արդի խնդիրների վերաբերյալ և մի շարք չափանիշներ սահմանվեն վստահություն ձեւավորելու համար: Բարձր մակարդակի խմբի համար վերջակետ պետք է հանդիսանա Սև Ծովի տարածաշրջանում միջազգային հանդիպումը՝ նախընտրելի է՝ համագումարի մակարդակով: Այս հանդիպմանը պետք է մասնակցեն տարածաշրջանային երկրները և միջազգային հետաքրքրված կողմերը:
Կենտրոնանալ առկա ընդհանուր տնտեսական խնդիրներին և իրական կարիքներին
Սևծովյան համագործակցության համար առաջատար դեր պետք է խաղան կայուն զարգացման հիմնական սկզբունքները: Կլիմայական փոփոխության հետևանքներին տրվող ռացիոնալ արձագանքները և մարդկային ու սոցիալական ռեսուրսների պատասխանատու օգտագործումը նման զարգացման համար կարևոր բաղադրիչ են: Սա պետք է վերածվի փոխկապակցված քաղաքականության ազգային ու տարածաշրջանային մակարդակների վրա: Բիզնես միջավայրը զարգացնելու, ավելի լայն տնտեսական ակտիվությունն ուղղորդելու և համապատասխան գործիչների հետ պարբերաբար քաղաքական երկխոսություն ապահովելու համար նախատեսված քաղաքական չափանիշները պետք է անպայման իրականացվեն:
Համակարգել տարածաշրջանային համագործակցության մոդելները բոլոր մակարդակներում
Սև Ծովի համար նախատեսված համագործակցության առկա բազմաթիվ մոդելների, ծրագրերի ու նախաձեռնությունների համակարգումը պետք է ղեկավարվի, որպեսզի երևա տարածաշրջանի ողջ ներուժը: Հարկ է նաև հրաժարվել սովորական «վերևից ներքև» մոտեցումից, որպեսզի վստահություն ստեղծվի առ այն, որ քաղաքացիական հասարակությունն իր ուրույն դերն ունի տարածաշրջանի զարգացման հարցում: Առաջնությունը տրվում է տարածաշրջանային, այլ ոչ թե ազգային խնդիրների նույնականացմանը: Պետք է անպատճառ յուրացվեն այն տարածաշրջանների դասերը, որոնք բախվել են կամ այժմ էլ գործ ունեն նման խնդիրների հետ: Դրանց թվում են Բալկանները, Բալթյան տարածաշրջանը, Դանուբի շրջանը և այլն:
Աջակցել միջմշակութային երկխոսությանը
Պետք է աջակցել և հովանավորել միջմշակութային և միջկրոնական երկխոսությանը Սևծովյան տարածաշրջանի ժողովուրդների միջև: Պետք է բարելավվի համալսարանների միջև համագործակցությունը և տարածաշրջանի լրագրողներին տարածաշրջանի համար պետք է աջակցություն ցուցաբերվի երկրների լուսաբանման հարցում:
Խթանել պրոֆեսիոնալ խմբերի համար դասընթացների կազմակերպումը
Կարիք կա դասընթացներ անցկացնել ամբողջ տարածաշրջանի հասարակական ծառայողների, դիվանագետների, երիտասարդ առաջնորդների, քաղաքական ոլորտի ներկայացուցիչների և բիզնես առաջնորդների համար: Նման գործընթացն ուղղորդելուն կնպաստի Սևծովյան դասընթացների ակադեմիայի ստեղծումը:
Նպաստել լավ կառավարմանը, քաղաքացիական հասարակությանն ու սոցիալական երկխոսությանը:
Հարկ է խրախուսել քաղաքացիական հասարակությանը, որպեսզի նա ներգրավվի քաղաքականության ձևավորման և լավ կառավարման գործընթացում: Պետք է նաև ջանքեր գործադրվեն Սև Ծովի երկրներում, այդ թվում՝ հակամարտական տարածքներում քաղաքացիական հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության խթանմանը նպաստելուն: Այնպիսի բիզնես կազմակերպություններ, ինչպիսիք են, օրինակ, առևտրի պալատը, գործատուների կազմակերպություններն ու առևտրային միությունները, պետք է նույնպես կապ հաստատեն միմյանց հետ, որպեսզի գտնեն և առաջարկեն ընդհանուր խնդիրների համար տարածաշրջանային որոշումներ: